«Որակի ապահովումը՝ ապագայի հեռանկար»․ կայացավ 75 քոլեջների մասնակցությամբ համաժողով !

«Որակի ապահովումը՝ ապագայի հեռանկար»․ կայացավ 75 քոլեջների մասնակցությամբ համաժողով !

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ համաժողով նվիրված միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգի զարգացմանը։
Համաժողովին մասնակցեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ով նշեց, որ ԿԳՄՍ նախարարությունը աշխատում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հետ և  դիտարկում է՝ ինչպիսի նրբություններ և առանձնահատկություններ կան հավատարմագրման գործընթացում, որ հետագա գործընթացները որակի ապահովման համատեքստում  ավելի թիրախային լինեն։ Նախարարի տեղակալը նաև հավելեց, որ իրենք ամբիցիոզ նպատակ են սահմանել․

«Ինչպես գիտեք, քննարկման փուլում է գտնվում կրթության զարգացման պետական ծրագիրը մինչև 2030թ համար, որտեղ առանձնահատուկ շեշտադրում կա մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին, մասնավորապես, մենք նախատեսել ենք, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի շրջանավարտների 90%-ը պետք է աշխատի իր մասնագիտությամբ»։

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը իր խոսքում նշեց․ «Հավատարմագրմանը անդրադառնալիս մենք չենք ուզում, որ դուք մեզ ցույց տաք հաշվետվություններ, այլ ուզում ենք ցույց տաք ձեր առաջընթացը, ցույց տաք՝ ինչպես եք աշխատում և ինչ նվաճումներ ունեք»:
Համաժողովի պանելային քննարկումների ընթացքում առանձնահատուկ շեշտադրումներ ստացան մասնագիտությունների խոշորացման, որոշ մասնագիտությունների փակման անհրաժեշտության, գործատու-ուսումնական հաստատություն համագործակցության կարևորության, դեռևս դպրոցական տարիքից մասնագիտական կողմնորոշում իրականացնելու անհրաժեշտության և այլ հարցեր։

ՄԿՈւ հաստատությունների հետ հանդիպման վերջում ելույթ ունեցավ «Էրազմուս +» ծրագրերի ազգային գրասնենյակի համակարգող Լանա Կառլովան, ով ողջունելով ներկաներին, նշեց, որ կարևորում է նման հանդիպումների կազմակերպումը, քանի որ կրթության ոլորտում համագործակցությունը տարբեր կազմակերպությունների հետ նպաստում է ինչպես կրթական կազմակերպությունների, ինստիտուտների, այնպես էլ ոլորտի զարգացմանը։ «Էրազմուս +»-ի ծրագրերին անդրադառնալիս տիկին Կառլովան հացելեց,  որ «Էրազմուս +-ը» 2021-2027թթ ընթացքում ՄԿՈւ հաստատություններին հատկացնելու է ֆինանսավորում կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում։

Տեքստը ՈԱԱԿ-ի:

#ՎԲՀՔ #ՈԱԱԿ #MHCV #ANQA